Microsoft կորպորացիան սերտորեն համագործակցել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ՝ PRISM գերգաղտնի ծրագրի շրջանակում: Արդյունքում հատուկ ծառայությունների ձեռքում են հայտնվել Microsoft-ի ծառայություններից օգտվողների անձնական տվյալները: Այս մասին են վկայում ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փոխանցած տվյալները՝ գրում է The Guardian-ը:
Փաստաթղթերում ասվում է, որ Microsoft-ը ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը տվել էր սեփական գաղտնագրության պաշտպանությունը շրջանցելու հնարավորություն: Դրա շնորհիվ հատուկ ծառայությունները հասանելիություն են ստացել Outlook-ի միջոցով իրականացված շփումներին:
Փաստաթղթերը վկայում են նաև այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայություններն ուղիղ հասանելիություն են ունեցել նաև ֆայլերի SkyDrive «ամպային» ծառայությանը: Ազգային անվտանգության ծառայության նամակներից մեկում ասվում է, որ 2011-ի փետրվարից ամերիկյան հատուկ ծառայությունները սկսել են տվյալներ ստանալ Skype տեսածառայությունից: Ընկերությանը հայտարարվել է համագործակցության մասին հրաման՝ ստորագրված ԱՄՆ գլխավոր դատախազի կողմից:









































