Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր Հանրապետության հրապարակում, որտեղ կայանված են Չինաստանից ներկրված նոր միկրոավտոբուսները, հանդիպեց լրագրողների հետ:
Գ. Բեգլարյանը կրկին անդրադարձավ իր արած վերջին հայտարարությանը, թե՝ թանկացումները կլինեն հօգուտ ժողովրդի, և ասաց. «Հասկացողին մեկ ասա, անհասկացողին՝ հազար ու մեկ. Հանրային խորհրդում հայտարարվել է, որ արագ պետք է բարձրացվի գինը՝ չորս անգամ, ես ասել եմ, որ դա հօգուտ ժողովրդի չէ, պետք է երկար աշխատենք, որ թանկացումները լինեն հօգուտ ժողովրդի, որովհետև թանկացումն անխուսափելի է. բոլորս արդեն մի քանի ամիս գիտենք»:
Հարցին՝ ինչքա՞ն կդառնա տրանսպորտի ուղեվարձը, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Հանձնաժողովն իր աշխատանքները չի ավարտել, փորձում ենք հասցնել մինիմալի: Տեղեր կան, որ ընդհանրապես չեն թանկանալու: Հիմա 100, 200 դրամից մինչև 5000 դրամ ուղեվարձ կա, հանրային շահի պաշտպանները խոսում են, որ պետք է ընդհանուր թիվ սահմանվի: Ես ասեմ՝ տեղեր կան՝ կլինի մեծ թիվ, տեղեր կան՝ չնչին 20-30 դրամով կթանկանա: Մենք անելու են առավելագույնը, որ հօգուտ ժողովրդի լինի»:
Քանի որ Հայաստան ներկրված նոր միկրոավտոբուսները սպասարկելու են Երևան-Աբովյան ճանապարհը, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև՝ նույն ճանապարհը սպասարկող բարեգործական միկրոավտոբուսներին արդյոք դա վնաս չի՞ լինի, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Որդեգրել ենք քաղաքական որոշում, որ չեն լինելու հավերժական սեփականատերեր: Եթե ասում ենք՝ բարեգործություն, ուրեմն պետք է լինեն 100 տոկոսանոց լավ մեքենաներ, հնամաշ մեքենաներ են բերում՝ անունը դնում բարեգործություն: Աստված չանի, մի բան լինի այդ մարդկանց. մենք բարեգործներին ասելու ենք՝ կարո՞ղ եք այսպիսի մեքենաներով անել բարեգործություն՝ արեք, եթե չէ, վճարեք այդ ուղիները սպասարկող մարդկանց, թող իրենք անեն բարեգործություն»:








































