Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքացիական օդանավը վերջին պահին է փրկվել խռովարարների տրամադրության տակ գտնվող ռազմական ինքնաթիռի կողմից խոցվելուց:
Ռազմական հեղաշրջման փորձի մեկնարկից հետո Էրդողանը երկրի հարավարևմտյան հատվածում գտնվող Մուղլա նահանգի Դալաման շրջանից շտապել է դեպի Ստամբուլ:
Էրդողանի TC-ATA ինքնաթիռը գաղտնի պայմաններում Դալամանի օդանավակայանից թռչել է ժամը 01.43-ին, սակայն Ստամբուլ մեկնելու ճանապարհին՝ Բալըքեսիր նահանգով անցնելիս, նկատվել է հեղաշրջման մասնակիցների կողմից, որոնք F-16 տիպի կործանիչ են ուղարկել՝ ոչնչացնելու Էրդողանի ինքնաթիռը:
Սակայն F-16 կործանիչը ստիպված է եղել որոշ ժամանակ «կուրորեն» թռիչքներ գործել՝ սկզբնական շրջանում չկարողանալով հայտնաբերել նախագահական ինքնաթիռը, որը դրանով իսկ ժամանակ է շահել:
Խնդիրը եղել է այն, որ F-16 կործանիչն իր տրամադրության տակ ունեցել է միայն ռազմական ինքնաթիռների թռիչքների ծածկագրեր՝ ստացված ռազմաօդային ուժերի հրամանատարությունից: Մինչդեռ Էրդողանի ինքնաթիռը եղել է քաղաքացիական, և նրա թռիչքի ծածկագրերն անհրաժեշտ էր ստանալ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունից:
Խռովարարները կարծել են, որ Էրդողանի օդանավը Դալամանից ուղևորվում է ուղիղ դեպի Ստամբուլ: Սակայն Էրդողանի օդանավը վայրէջք է կատարել Իզմիրում: Այստեղից Էրդողանը մեկնել է Մարմարա ծովի հարավային ափին գտնվող Բանդըրմա քաղաք, որտեղից էլ որոշ դադարից հետո մեկնել է Ստամբուլ:
Իզմիրից Բանդըրմա մեկնելիս խռովարարները նկատել են Էրդողանի օդանավը, որը հայտնաբերելուց հետո Բոսֆորի նեղուցի մոտ հերթապահող F-16 կործանիչն ուղարկել են Բանդըրմա: Սակայն նրան չի հաջողվել հասնել հարվածային հեռավորության, և վառելիքի պակասի պատճառով F-16 ստիպված է եղել վերադառնալ օդում գտնվող լիցքավորիչ ինքնաթիռի մոտ, որից հեռացել էր նա:
F-16 կործանիչին հաջողվել է օդում արագ լիցքավորում կատարել, սակայն այդ ընթացքում Էրդողանին տեղափոխող ինքնաթիռին հաջողվել է վայրէջք կատարել Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում:









































