Այսօր Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը:
Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է Վարդավառը կամ Պայծառակերպությունը, որը եկեղեցական տոնացույցի համաձայն կատարվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի և կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ին ընկած ժամանակահատվածում:
«Պայծառակերպվել» կամ «այլակերպվել» նշանակում է կերպարանափոխվել: Այս դեպքը կատարվել է Հիսուս Քրիստոսի հետ, երբ նա Փիլիպպյան Կեսարիայի մոտ առաքյալների հետ խոսելուց 7 օր հետո ուղևորվեց Թաբոր լեռը` Իր գիշերային հսկումն ու ամենօրյա աղոթքն անելու: Առաքյալներից իննին ներքևում թողնելով, որպես աղոթակից ընկեր Նա իր հետ վերցրեց միայն երեքին` Սիմոն Պետրոսին, Զեբեդյան եղբայրներ` Հակոբոսին ու Հովհաննեսին: Երբ Հիսուսն աղոթում էր, վերջիններս չկարողացան դիմանալ և նիրհեցին:
Այդ ժամանակ էր, որ Հիսուսը մի վեհ, փառավորյալ ու լուսավոր կերպարանք առավ: Նրանից ճառագայթներ էին ցոլում` ասես լուսասփյուռ արեգակ: Հագուստները ևս սպիտակեցին ու դարձան ձյունաճերմակ: Հիսուս Քրիստոսի այս նորօրինակ պայծառակերպությանը մեկ այլ հրաշալի հանգամանք էլ ավելացավ: Երկու մարդ հայտնվեցին այնտեղ` Մովսեսն ու Եղիան, և սկսեցին խոսել Հիսուսի հետ Նրա կյանքի հետագա ընթացքի մասին: Լույսի և աստվածայինի այսօրինակ համադրումը սթափեցրեց առաքյալներին: Այդ ժամանակ մի ամպ նրանց հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ. «Դա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»:
Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Այս զուգահեռը հետևյալ իմաստներն ունի.
Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես և Տերը նախքան պայծառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը, և ինչպես վարդը բացվելով անենքին հայտնապես երևում, այնպես էլ մեր Տերը պայծառակերպելով հայտնում է իր Աստվածությունը:
Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան:
Վարդն անուշահոտություն է բուրում, այնպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան քնի ծանրության տակ:
Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա մի հին ավանդույթ, որ թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ՝ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն: Իսկ ազգագրագետների մեկնաբանությամբ, հեթանոսական Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով և ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը…









































