Հայաստանը ԼՂ հարցով կարող է համաձայնության գալ Մաքսային միության հետ: Այս մասին «առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական փորձագետ Սերգեյ Շաքարյանցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում ՀՀ-ի անդամակցությունը ՄՄ-ին կամ ասոցացումը ԵՄ հետ ԼՂ հարցի դեպքում:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, թե Ղազախստանը նախապայմաններ է առաջադրում Հայաստանին առ այն, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանն առանց ԼՂ-ի, փորձագետն ասաց, թե դժվար է հավատալ, որ Ղազախստանն է նման պայմաններ առաջադրում, քանի որ նման նախապայմաններ երկրներին առաջադրելու հարուստ պատմություն ունի ԵՄ-ն: Նրա կարծիքով՝ ԵՄ հետ ասոցատիվ հարաբերությունների կամ ԵՄ անդամակցության պարագայում շատ ավելի խիստ կդրվի «առանց Ղարաբաղի» ձևակերպումը ՀՀ-ի համար:
«Իսկ ՀՀ-ի անդամակցությունը Մաքսային միությանը կարող է հենված լինել ավելի կառուցողական հարաբերությունների վրա: Ղրղզստանն իր ամենակարևոր առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ևս ընդհանուր սահման չունի, բայց անդամակցում է, երևի թե նույն պայմաններով կարող է Հայաստանն անդամակցել Մաքսային միությանը՝ բացատրական աշխատանք տանելով և բանակցելով Մաքսային միության հետ ԼՂ հարցում, ընդհանուր հայտարարի գալով, այն, ինչ երբեք չենք ունենա ԵՄ հետ հարաբերություններում:
Մենք գիտենք, որ ԵՄ-ն Սերբիայի հետ բանակցությունների ընթացքում նմանատիպ հարց հարուցել էր, եթե Հայաստանը ցանկանում է Սերբիայի նման Ասոցացման համաձայնագիր ստորագրել, որի դեպքում առանց Կոսովոյի էր, ուստի կարելի է ենթադրել, որ դա հարիր է Եվրոպային»,- մեկնաբանեց Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ ԱՊՀ երկրները երբեք իրենց թույլ չեն տվել միջամտել Ղարաբաղյան հարցին որևէ մի կետում, որովհետև կա ձևաչափ և ԱՊՀ երկրների կողմից այդ ձևաչափը ոտնձգությունների չի ենթարկվել, այնինչ դա տեղի ունեցել է ԵՄ երկրների կողմից:
Եզրափակելով իր խոսքը՝ քաղաքագետն ասաց, որ ունենք ԱԳ նախարարություն, որը քաղաքականության մշակման և իրականացման համար մեծ գումարներ է ստանում, ուստի թող գծի այն սխեման, որը պետք է լինի ՀՀ-ի ՄՄ անդամակցության դեպքում:










































