Վատիկանը Բրազիլիայից հավելյալ 26 մլն եվրո է խնդրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելությունը Ռիո դե Ժանեյրո կազմակերպելու համար՝ հաղորդում է The Daily Telegraph-ը: Ինչպես հիշեցնում է թերթը՝ Հռոմի պապի առաջին միջազգային այցելությունը աշխարհի խոշորագույն կաթոլիկ երկիր կկայանա հուլիսի 23-28-ը՝ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Բրազիլիայի դաշնային իշխանությունները, ինչպես նաև նահանգային ու քաղաքային իշխանությունները պետբյուջեից արդեն 40 մլն եվրո հատկացրել են միջոցառման կազմակերպման համար՝ այն դեպքում, երբ ընդհանուր ծախսը գնահատվում է 100 մլն եվրո: Նշվում է, որ բրազիլական ղեկավարությունը հրաժարվել է այլևս գումար վճարել:
Պարբերականը կարծում է, որ հավանաբար այդ հարցում իրենց դերն են ունեցել Բրազիլիայում վերջերս կայացած զանգվածային բողոքի ակցիաները, երբ փողոց էր դուրս եկել մեկ միլիոնից ավելի ցուցարար:










































