ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, Ռուսաստանը, հակամարտություններն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Brexit-ը համարել է ՆԱՏՕ-ի երկրների համար հրատապ մարտահրավերներ։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է The Financial Times-ում հրապարակված իր հոդվածում։
Օբաման նշել է, որ ԴԱԻՇ-ի կողմից ոգեշնչված կամ կազմակերպված ահաբեկչությունները անմեղ մարդկանց կյանքեր են խլել ՆԱՏՕ-ի երկրներում, իսկ ապաստան փնտրող բազմաթիվ ներգաղթյալներ Եվրոպա են ուղևորվել Աֆրիկայից Սիրիա և Աֆղանստան ձգվող հակամարտությունների պատճառով։
«Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիան սպառնում է Եվրոպայի մեր տեսլականին՝ որպես միասնական, ազատ և խաղաղ։ Մեծ Բրիտանիայում անցկացված քվեարկությունը ԵՄ-ից դուրս գալու օգտին բարձրացնում է լուրջ հարցեր եվրոպական ինտեգրման ապագայի վերաբերյալ»,- հավելել է նա։
ԱՄՆ նախագահը կարծում է, որ ՆԱՏՕ-ի և Եվրոպայի երկրները Վարշավայում պետք է մոբիլիզացնեն քաղաքական կամք և ստանձնեն հստակ պարտավորություններ այդ հրատապ մարտահրավերներին դիմակայելու համար։ Օբաման նշել է, որ դա հնարավոր է միասնության ու իրական գործընկերության պահպանման դեպքում։







































