Անկախ օֆշորային սկանդալից՝ արտասահմանցի գործարարները գիտեն, որ Հայաստանում ներդրումներ անելը վտանգավոր է: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսաբնակ Աշխեն-Վալերի Գործունյանն՝ անդրադառնալով օֆշորային սկանդալին:
Վալերի Գործունյանը նշեց, որ անկախ Հայաստանում այս օրերին բարձրացած օֆշորային սկանդալից՝ արտերկրում, սփյուռքի գործարարների շրջանում կա հաստատուն կարծիք, որ Հայաստանում ներդրումներ անելը վտանգավոր է, քանի որ ՀՀ տնտեսության, հասարակության վիճակը կայուն չէ, ավելին՝ օլիգարխիայի և մենաշնորհի դեմ բոլորն անզոր են: Ըստ նրա, միգուցե կան մարդիկ, որոնք այս սկանդալով հասկանան, որ Հայաստանում ներդրումներ անելիս պետք է լավ մտածել, բայց ինքը, ով Հայաստանում բիզնես է ունեցել և արհեստականորեն հարուցված խնդիրների պատճառով հեռացել է այստեղից, լավ գիտի այդ մասին:
«Ես, օրինակ, անձամբ չեմ զարմանում, որ վարչապետի անունը շոշափվում է, կամ Գագիկ Խաչատրյանի անունն է շոշափվում յուրացումների մասին խոսելիս: Մենք բոլորս գիտենք, որ պետական պաշտոնյաները խոշոր գումարներ ունեն, և ինչպե՞ս են ձեռք բերել այդ գումարները։ Իրենց պետական աշխատանքով չէ, որ այդքան գումարներ են ստացել: Յուրաքանչյուրն, ով Հայաստանը փոքր-ինչ ճանաչում է և աշխատել է Հայաստանում, գիտի՝ ինչ է կատարվում, ուստի սա չի զարմացնում։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մարդիկ ուզում են պետական մարմիններ մտնել գումար աշխատելու, յուրացնելու նպատակով: Այնպես չէ, որ երկրի ապագայի մասին են մտածում, այլ իրենք իրենց։ Ի նպաստ անձնական շահերի՝ օգտագործում են պետական միջոցները: Դժբախտաբար, դա է այսօրվա իրականությունը»,- ասաց Գործունյանը:
Նա զարմանքով փաստեց, որ սփյուռքի մամուլը օֆշորային սկանդալին չի անդրադառնում, և այդ է պատճառը, որ սրանից տեղյակ են արտերկրում ապրող այն հայերը, ովքեր հետևում են հայաստանյան մամուլին: Նրա ենթադրություններով, սփյուռքի հայկական մամուլի լռությունը պայմանավորված է այն հակասական խոսակցություններով ու վարկածներով, որոնք այս սկանդալի շուրջ կան: «Միգուցե սպասում են, որ հստակություն մտնի այս գործում»,- նկատեց նա:
Ֆրանսաբնակ մեր հայրենակիցը նաև չի կարծում, թե այս գործը հոգևորականի և վարչապետի գլխին «սարքել են», ինչպես պնդում են շատերը, չի կարծում, թե հնարավոր էր նրանց ստորագրությունը կեղծել: «Բնական է, որ իրենք պետք է հերքեն և շարունակեն ուղիներ գտնել փաստերը հերքելու ուղղությամբ»,- ասաց Վ. Գործունյանը:










































