Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կբացվի պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի անվան միջազգային լուսանկարչական թանգարան, որտեղ կներկայացվեն Արա Գյուլերի արվեստի, ստեղծագործական կյանքի ու ինքնատիպության բոլոր տարրերը:
Թանգարանի ստեղծման հարցում համապատասխան համագործակցություն է ձեռք բերվել Արա Գյուլերի ու Doğuş Grubu ընկերության միջև: Թանգարանի է վերածվելու Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող այն շենքը, որտեղ ծնվել, մեծացել և ստեղծագործել է Գյուլերը:
Գյուլերի ստեղծագործությունները կներկայացվեն Թուրքիայում ու նրանից դուրս: Թանգարանում տեղ կգտնեն Արա Գյուլերի անձնական գրքերը, նոթերը, հուշագրերը, պարգևները, պաստառները, անձնական իրերը և այլն:







































