Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է Միջազգային քրեական դատարանին հանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Մուսլիմի խոսքերով՝ դա անելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ձեռքերում. «Էրդողանին Միջազգային քրեական դատարանին հանձնելու համար բոլոր թղթապանակները պատրաստ են։
Ռուսաստանը տիրապետում է այն բոլոր փաստաթղթերին, թղթապանակներին, որոնք առնչվում են Թուրքիայի ու ԴԱԻՇ-ի հարաբերություններին։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրա համար որպես տեղեկատվության աղբյուր կարող է ծառայել (իրանական ծագմամբ, Թուրքիայի քաղաքացի) գործարար Ռեզա Զարաբը, ով կալանավորվել է այդ երկրում։
Չպետք է մոռաանալ Զարաբի մասին։ Քուվեյթը հայց է ներկայացրել թուրքական բանկի դեմ։ ԱՄՆ-ը կարող է օգտագործել Զարաբի գործոնը, ով մեղադրվում է ֆինանսական մեքենայություններ անելու, Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։
Ասել կուզեմ, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը կարող են օգտագործել այդ ամենը»։ Ռեզա Զարաբը 2013 թվականի դեկտեմբերին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործի առանցքային ֆիգուրներից է, որով Թուրքիայում հրաժարական տվեց 4 նախարար։ Տվյալ գործն առնչվել էր նաև Էրդողանին ու նրա որդուն։










































