Աշխատաշուկայում սկսել է աճել քոլեջներ և մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտած ուսանողների թիվը: 2010-2011 թվականներին այս հաստատությունների շրջանավարտների 55 տոկոսը աշխատանք է գտել միջինը 6 ամսվա ընթացում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեն ներկայացրին վերջերս ամփոփված «Աշխատաշուկայում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին» հետազոտության արդյունքները:
Ըստ նախարարի՝ տարիներ առաջ կառավարության համար գերակա էր ճանաչվել այս ուղղությամբ լուրջ բարեփոխումներ կատարելը, և դա նրանց հաջողվել է. «Այսօրվա հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բարեփոխումներն իրենց շոշափելի արդյունքն են տալիս: Մասնագիտացված կրթությունն այժմ ավելի պահանջված է և աշխատանքի տեղավորման լուրջ երաշխիք է դարձել»:
Աշոտյանն ընդգծեց, որ ամեն կերպ պետք է կայացնել այն մշակույթը, որ յուրաքանչյուրն աշխատի իր մասնագիտությամբ. այդտեղ դեռ բաց կա, և անելիքները շատ են:
Անցյալ տարի շուրջ 30 քոլեջ ապահովվել է նյութատեխնիկական բազայով, ինչը ևս նպաստում է մասնագիտացման որակի բարձրացմանը. «Այժմ աշխատողների կարիք կա Հյուսիս-հարավ ավտոճանապարհների շինարարության, հանքարդյունաբերության ոլորտում: Մենք մասնավոր գործատուներին ծանոթացնում ենք մասնագիտացված կադրերի հետ, որպեսզի երկու կողմի համար էլ շահավետ լինի»:
Տիկին Կեմխաձեն էլ իր խոսքում ընդգծեց, որ ոլորտում բարեփոխումները առաջնահերթ են ՄԱԶԾ-ի համար, քանի որ այն օգնում է հետևելու և գնահատելու աշխատանքը, որն իրականացվել է համատեղ ջանքերի շնորհիվ:
Նշենք, որ հետազոտությանը մասնակցել են 651շրջանավարտ, 25 ուսումնարան, 60 քոլեջ, ինչպես նաև Հայաստանի 400 խոշորագույն գործատու: Արդեն յոթերորդ տարին է, ինչ ՄԱԶԾ-ն ակտիվորեն ներգրավված է այս գործում:








































