Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում` Disney Consert Hall-ում, հանդիսավորությամբ տրվել է Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա էին ԱՄՆ արևմտյան ափի երաժշտասեր հասարակության և հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ են ունեցել ԼԱ ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարներ:
Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է գտնվում նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, որը երեկոյի նախօրյակին դասախոսությամբ հանդես էր եկել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում` ներկայացնելով մեծ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը:
Գալա-համերգի հյուրերին ներկայացվել են աշխարհահռչակ կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններ, ցուցադրվեցին կոմպոզիտորի գործուներությունը ներկայացնող արխիվային կադրեր, այդ թվում նաև` Արամ Խաչատրյանի` 1974 թվականին Լոս Անջելես կատարած այցի տեսաժապավենը:
Միջոցառման ընթացքում հայտարարվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի ստեղծման մասին, որը սատարելու է ֆիլհարմոնիկի գործունեությանը` հայ երաժիշտներին աջակցելով հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու գործում:
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հաջորդ ձեռնարկը տեղի կունենա Հոլիվուդյան հայտնի կինոթատրոններից մեկի հարկի տակ՝ հայտնի Եգիպտական թատրոնում, որտեղ կցուցադրվի «Արամ Խաչատրյան» ֆիլմը: Հատկանշական է, որ «Կուն» հիմնադրամի կողմից նկարահանված փաստավավերագրական ֆիլմը երկու տարի առաջ արժանացել է «Բևեռլի Հիլզ» կինոփառատոնի առաջին մրցանակին:









































