Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ կան այնպիսի շրջանակներ, որոնց մտահոգել է Իսրայելի ու Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը:
Ելույթ ունենալով Յոզգաթ նահանագում Ռամադանի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ՝ Բոզդաղը հայտարարել է, որ կան դրական ազդանշաններ՝ Եգիպտոսի հետ նույնպես հարաբերությունները կարգավորելու համար:
«Այդ գործընթացներն արդյունքում իրենց ներդրումը կունենան տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդման համար: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորումը շահավետ է երկու կողմի համար էլ:
Նույնը կարելի է ասել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Անկասկած է, որ երկրներից յուրաքանչյուրը ձգտում է պաշտպանել իր շահերը: Դա նորմալ է միջազգային իրավունքի տեսանկյունից:
Թուրքիան ձգտում է նվազեցնել հակասությունների աստիճանն ու զարգացնել բարիդրացիական հարաբերություններ: Թուրքիան գտնվում է աշխարհագրական բարդ տարածաշրջանում, իսկ նրա լավը չցանկացողները անում են ամեն հնարավոր բան՝ կանխելու համար երկրի զարգացումը:
Հատկանշական է, որ նրանք, ովքեր երեկ դատապարտում էին Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, ներկայումս դժգոհում են հարաբերությունների կարգավորումից: Այսինքն՝ նրանք անում են առավելագույնը՝ Անկարային վնաս պատճառելու համար:
Ինչ վերաբերում է Սիրիայի դեպքերին, ապա դրանք շոշափում են Թուրքիայի ազգային շահերը: Թող ոչ ոք տարբերության նշաններ չդնի Անկարայի ու Դամասկոսի անվտանգության միջև: Թուրք-սիրիական սահմանի երկարությունը 910 կիլոմետր է: Սիրիայում կայունության հաստատման համար ամենաշահագրգռվածը մեր երկիրն է»,- ասել է նախարարը:








































