Եգիպտոսը ժողովրդավարական, քաղաքացիական պետություն է, ինչը հունվարի 25-ի հեղափոխության կարևորագույն նվաճումներից մեկն է, և Եգիպտոսը թույլ չի տա իրեն վերադարձնել անցյալ՝ այսօր առավոտյան նման հայտարարությամբ է հանդես եկել նախագահ Մուհամմադ Մուրսիի գրասենյակը՝ պատասխանելով բանակային հրամանատարության վերջնագրին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բանակը նախագահին 48 ժամ էր տվել հակառակորդների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Հակառակ դեպքում բանակը մտադիր է հայտարարել ճգնաժամից դուրս գալուն ուղղված սեփական «գործողությունների քարտեզի» մասին:
«Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարության հայտարարությունը համաձայնեցված չի եղել հանրապետության նախագահի հետ: Պետության ղեկավարի գրասենյակը կարծում է, որ ներկայացված որոշ արտահայտություններ կարող են նպաստել երկրում իրավիճակի բարդացմանը»,- ասվում է նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Տեքստում նշվում է, որ պետության ղեկավարն արդեն առաջարկել է քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղի իր պաշտոնավորման մեկամյակի (հունիսի 30) առիթով ազգին հղված ուղերձում:










































