Չինացի Լի Շենպինը փչովի նավակով լողացել է դեպի հեղեղված քաղաք, հայտնում է «Ժենմին ժիբաո» առցանց-պարբերականը:
Փեսացուն ապրում է հարսնացուի բնակավայր Մաչեն քաղաքից՝ 120 կմ հեռու՝ Ուհան քաղաքում: Զույգը երկար ժամանակ պատրաստվել է հարսանիքի, որը պետք է տեղի ունենար հուլիսի 2-ին: Միջոցառումից մի քանի օր առաջ հորդառատ անձրևները հեղեղել են Մաչենը:
Նշվում է, որ ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ հնարավոր չի եղել տեղաշարժվել նույնիսկ ամենագնացով: Որպեսզի հարսանիքը չխափանվի, 25-ամյա Շենպինը փչովի նավակով հասել է հարսնացուի տան մոտ, հետո նրանց՝ հարազատների հետ տարել են հեղեղի վայրից:










































