Վանաձոր համայնքի մի քանի գումարման ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը, ով Լոռու նյարդահոգեբանական դիսպանսերի տնօրենն է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Առաջին լրատվական» կայքում տպագրված «Տարածքը հատկացնելով ոստիկանությանը` Վանաձորի քաղաքապետը դրսում է թողնում «Մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին» վերտառությամբ հոդվածի տակ հետևյալ մեկնաբանությունն է թողել. «Ինչ-որ անհասկանալի լաբորատորիա է, չեմ լսել երբեք»:
Եվ սա այն դեպքում, երբ «լաբորատորիայի» վերաբերյալ առաջին որոշումը Վանաձորի ավագանին կայացրել է դեռևս 2008 թվականի դեկտեմբերի 26-ին, համաձայն որի` Ռուսթավի 1 շենքի երկրորդ հարկի 137.77 ք/մ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով` մինչև 2018 թվականը, վարձակալությամբ տրամադրվել է տարածքի օգտագործող «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին` որպես աշխատանքային գրասենյակ:
2008-ին ավագանուն նման նախագիծ էր ներկայացվել` հիմք ընդունելով ՊՈԱԿ-ի տնօրենի գրությունը: Նախորդ գումարման ավագանու 11 անդամներ, որոնց մի մասն այս անգամ էլ է վերընտրվել, կողմ են քվեարկել և ստորագրել այդ որոշման տակ։ Նրանց թվում է նաև տիկին Գայանե Քալանթարյանը: Մեկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով էլ վարձակալի հետ կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր, որից, ինչպես պարզվում է, վանաձորյան օրենքներով քաղաքապետը միաժամանակ կարող է նաև ավագանու անդամ լինել: Այդ վավերացված պայմանագրում նշված է. «Վանաձոր համայնքի ավագանին, ի դեմս քաղաքապետ` Ս. Դարբինյանի, որի անունից հանդես է գալիս «ԳԿ և ԵՀ» բաժնի պետ` Վ. Դարբինյանը, այսուհետ «վարձատու»՝ մի կողմից, ՊՈԱԿ-ը, այսուհետ` «վարձակալ»՝ մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը»:
Եթե 2008-ին ավագանին նման որշում է կայացրել, որի հիման վրա ավագանու անդամ Սամվել Դարբինյանն էլ հորեղբոր տղայի` Վիկտոր Դարբինյանի միջոցով նման պայմանագիր է կնքել, ենթադրվում է, որ ավագանու նիստում ավագանու անդամների կողմից առնվազն քննարկվել է «լաբորատորիայի» հարցն ու նշանակությունը:
Օրերս կայացած նիստում էլ ավագանին երկրորդ որոշումն է կայացրել «լաբորատորիայի» վերաբերյալ` ուժը կորցրած ճանաչելով իր նախորդ` տարածքի վարձակալության մասին որոշումը, որի հիման վրա քաղաքապետը, պայմանագրի ժամկետը չլրացած, վարձակալի հետ այն միակողմանի լուծելով և նրան նոր տարածքով չապահովելով՝ Ռուսթավի 1 շենքն ամբողջությամբ, անժամկետ և անհատույց հանձնել է ոստիկանության տնօրինմանը:







































