Գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծված հանձնաժողովը մինչ օրս ստացել է 61 դիմում, որից 52-ն արդեն քննարկվել և համապատասխան ընթացք են ստացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հանձնաժողովի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյան ասաց, որ դիմում-բողոքների մեծամասնությունը կապված է առողջության հետ, և դրանց մի մասի վերաբերյալ իրենք հադես են եկել միջնորդություններով, ստացել են գրավոր պատասխաններ, որտեղ հանձնարարվել է զորակոչիկներին կրկին ներկայանալ կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ փորձաքննության:
Գ. Հարությունյանն ասաց, որ կան նաև իրավական բնույթի դիմում-բողոքներ, երբ զորակոչիկը դիմել է իրենց՝ տարկետման համար: Արդեն կան բավարարված դիմում-բողոքներ. «Զինապարտության մասին 13-րդ հոդվածով սահմանվում են պայմանները, ըստ որոնց՝ զորակոչիկն օգտվում է տարկետման իրավունքից: Եթե այդ կետերն առկա են, բնականաբար, չի զորակոչվում զինվորական ծառայության: Կա նաև նույն հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսում է օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան հանգամանքների բերումով տարկետում տալ: Մենք ունենք այդպիսի դեպքեր ևս, որի վերաբերյալ միջնորդել ենք տարածքային զինվորական կոմիսարիատին՝ ուսումնասիրելու և գնահատելու այդ խնդիրը»:
Նա նշեց, որ դիմում-բողոքների բովանդակության օրինաչափությունը պահպանվել է, գերակշռում են առողջության հետ կապված՝ սրտի, ողնաշարի, տեսողության, նաև մաշկային հիվանդությունների վերաբերյալ դիմում-բողոքները:
Հանձնաժողովը կգործի մինչև հուլիսի 31-ը, իսկ այսօր կքննվի 9 դիմում-բողոք:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































