Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի խնդիրներից մեկը համարում է հասարակության հետաքրքրասիրության ցածր մակարդակը: Այս մասին Վրաստանի նախագահը հայտարարել է երեկ՝ Ազատ համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«Կյանքում հաջողակ է նա, ով շատ հարցեր է դնում ու ով միշտ հետաքրքրասեր է: Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մենք առանձնապես հետաքրքրասեր չենք: Մենք առանձնապես չենք սիրում ճամփորդել: Մենք շրջանից շրջան չենք տեղաշարժվում այնպես, ինչպես պետք է: Օրինակ՝ ես բացահայտել եմ, որ վրացիների մեծ մասը չի եղել Բաթումում, Սամեգրելոյում, Ախալցխայում և այլ վայրերում: Ի մեծ զարմանս ինձ՝ ես բացահայտեցի, որ երիտասարդների մեծ մասը չի եղել արտասահմանում: Ինձ դա շատ զարմացրեց, քանի որ 1990-ականների սկզբին մենք մեռնում էինք քաղցից ու այն ժամանակ տարբեր դրամաշնորհներով ես ման եմ եկել աշխարհի կեսը ու կարծում եմ, որ ուսանողների միակ բնազդը պետք է լինի ճանապարհորդելու ցանկությունը, սեփական եզրակացություններն անելը: Մեր խնդիրներից է, որ մենք չանցանք զարգացման կապիտալիստական աստիճանը»,- հայտարարել է Սաակաշվիլին:









































