Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի գործունեությունը հավանության է արժանացել բնակիչների 30 %-ի շրջանում այն դեպքում, երբ զանգվածային խռովությունների սկսվելուց առաջ այն կազմում էր 57 %: Այս մասին հաղորդել է France Press գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ, դեռ մարտին նախագահի վարկանիշը գերազանել էր բոլոր սպասելիքները՝ հասնելով 77%-ի և անցնելով նախորդ ղեկավարի վարկանիշից: Կառավարության աշխատանքից դժգոհ քաղաքացիների թիվը 9 %-ից հասել է 25 %-ի:
Ինչպես նշում է գործակալությունը, քաղաքացիների դժգոհության պատճառով Ռուսեֆը բաց է թողել Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղը՝ վախենալով, որ կկրկնվի երկու շաբաթ առաջ տեղի ունեցածը, երբ խաղի ժամանակ հանդիսատեսը նրան դիմավորել էր սուլոցներով և բողոքի բացականչություններով:
Երկրում բողոքի մեծ ալիք է բարձրացրել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Քաղաքացիները դժգոհ են նաև կառավարության կրթական քաղաքականությունից:









































