Նախկինում տեղեկացրել էինք, որ մի խումբ փաստաբաններ հունիսի 10-ին և 11-ին գործադուլ արեցին: Վերջիններս բողոքում էին Հայաստանի Վճռաբեկ դատարանի կամայականությունների դեմ: Թե փաստաբաններն ինչ արդյունքի հասան գործադուլով՝ «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել նախկինում գործադուլ հայտարարած փաստաբան Անի Թորոսյանից:
Նա նշեց, որ գործադուլի արդյունքը մեկ օրում կամ մեկ շաբաթում չէ, որ պետք է երևա, և դեռ ժամանակ է պետք դրան գնահատական տալու համար․ «Մենք, ինչպես և խոստացել էինք, բացել ենք մեր ֆեյսբուքյան էջը՝ «Դեմ ենք դատական կամայականություններին», բոլոր փաստաբաններին արդեն իսկ մեր ուղերձն ուղղել ենք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց դատական գործերում խախտումներ են արձանագրել, տեղեկանք կազմեն և տեղեկանքի տեսքով արձանագրեն «Դեմ ենք դատական կամայականություններին ֆեյսբուքյան էջում»: Էջին արդեն բավականաչափ լրագրողներ են միացել. այն կլինի, այսպես ասած, մամլո հարթակը, որտեղ մենք կներկայացնենք խախտումները»:
Անի Թորոսյանի խոսքով՝ այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ ինչ-որ եզրահանգման գալ և գնահատական տալ, եզրահանգումների համար ժամանակ է հարկավոր:
Հետաքրքրվեցինք նաև, թե իրենց գործադուլն ուղղված էր ընդդեմ Վճռաբե՞կ դատարանի միայն, թե՞ առհասարակ դատական կամայականությունների, որոնցից ձեռնպահ չեն նաև Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գործադուլն ուղղված էր Վճռաբեկ դատարանին, իսկ «Դեմ ենք դատական կամայականությունների» էջը վերաբերում է ողջ դատական համակարգում առկա խախտումներին, ընդհուպ մինչև դատավորի կողմից արված խախտումները, մեծ և փոքր ցանկացած խախտում դրվելու է այնտեղ»:









































