ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացում է արել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված «ֆինանսական և միջազգային հիստերիայի» վերաբերյալ: Համապատասխան հայտարարությունը նա արել է NPR ռադիոկայանի եթերում:
«Ես չէի չափազանցնի դրա նշանակությունը,- ասել է Օբաման:- Brexit-ի հարցով քվերակությունից հետո սկսվեց ինչ-որ հիստերիա, կարծես ՆԱՏՕ-ն ինչ-որ տեղ կորել է, անդրատլանտյան դաշինքը փլուզվում է, իսկ ամեն երկիր իր մեջ է փակվում: Դա այն չէ, ինչ կատարվում է»:
Նրա խոսքով՝ իրավիճակն ամենից լավ կարելի էր սահմանել այսպես. «սեղմած է «դադար» կոճակը եվրոպական լրիվ ինտեգրման նախագծում»:
Ըստ Օբամայի՝ Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքները մեծապես արձագանքն են արագ ընդլայնվող ԵՄ-ին, «որը, հնարավոր է, շարժվում է ավելի արագ և առանց պատշաճ կոնսենսուսի»:
Նա նշել է, որ ինչ-որ աղետալի փոփոխությունների չի սպասում Brexit-ի հետևանքով և բերել է Նորվեգիայի օրինակը, որը ԵՄ անդամ չէ, «սակայն մնում է ԱՄՆ ամենամոտ դաշնակիցներից մեկը»:







































