ԱՄՆ իշխանությունները թույլատրել են Եգիպտոսում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մի մասին լքել երկիրը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպին:
Բացի այդ, ԱՄՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ առաջիկա օրերին Եգիպտոս ուղևորությունից: Եգիպտոսում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվել առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ և զգուշավորություն դրսևորել:
Պետդեպի հայտարարության հիմքում տեղեկություններն են այն մասին, որ հունիսի 28-ին Ալեքսանդրիայում անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի 21-ամյա քաղաքացի է զոհվել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ նրան դանակահարել են քաղաքում ցույցը նկարահանելիս: Ամերիկյան դեսպանությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել իր քաղաքացու մահվան լուրը:
Պետդեպի հայտարարությունում երիտասարդի մահվան մասին չի հիշատակվում, սակայն խոսվում է այն քաղաքացու մասին, որին դանակով վիրավորել էին մայիսի 9-ին Կահիրեում՝ ամերիկյան դեսպանատան մոտ:
Վերջին օրերին Կահիրեում, Ալեքսանդրիայում և Եգիպտոսի այլ քաղաքներում անկարգությունները շարունակվում են նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև:
Անկարգությունները տեղի են ունենում Մուրսիի պաշտոնավարման 1 ամյակի նախօրին: Մուրսին Եգիպտոսի նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնել է 2012-ի հունիսի 30-ին:






































