Հունիսի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հստակեցրել է ավելի վաղ տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ռուս զինծառայողները դուրս են եկել սիրիական Տարտուսից, որտեղ գտնվում է ՌԴ ռազմա-ծովային նավատորմի նյութա-տեխնիկական կետը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Տարտուսը նախկինի պես մնում է Միջերկրական ծովում ռուսական նավերի տեղակայման և վերանորոգման կետ և շարունակում է իր խնդիրները կատարել համաձայն առաքելության»,- մեկնաբանել են ՊՆ-ում:
Միևնույն ժամանակ, ՊՆ-ը ընդունել է, որ Տարտուսում ռուս զինվորականներ չկան, քանի որ նավերի և ափային օբյեկտների մատակարարմամբ զբաղվում են բացառապես քաղաքացիական մասնագետները:
«Այդ անձնակազմը նախկինի պես աշխատում է սովորական ռեժիմով: Տարտուսից տարհանման մասին խոսք չի գնում»,- ընդգծել են ՊՆ-ում:
Հիշեցնենք, որ «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով իր սեփական տեղեկացված աղբյուրին, հաղորդել էր, որ ՊՆ-ը դուրս է բերել Տարտուսից ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձնակազմին:







































