Արժույթի միջազգային հիմնադրամն ԱՄՆ-ում մատնանշել է աղքատության բարձր մակարդակ։ ԱՄՀ տվյալներով՝ ներկայում աղքատ է երկրի յուրաքանչյուր 7-րդ բնակիչ։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Ամերիկյան տնտեսության վիճակի մասին հիմնադրամի ամենամյա զեկույցում ասվում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է հրատապ միջոցառումներ ընդունեն աղքատության խնդրի լուծման համար։
ԱՄՀ-ն Վաշինգտոնին խորհուրդ է տվել բարձրացնել նվազագույն աշխատավարձի մակարդակն ու առաջարկել է անցնել վճարովի ֆիզարձակուրդի՝ աշխատանքի մեջ ավելի շատ կանանց ներգրավելու համար։ Հիմնադրամի փորձագետները ԱՄՆ-ին նաև կոչ են անում ավելի շատ ներդրում կատարել կրթության մեջ ու սոցիալական ծրագրերում։
ԱՄՀ-ն վատացրել է 2016 թվականի համար ամերիկյան տնտեսության կանխատեսումը. այժմ հիմնադրամը կանխատեսում է ՀՆԱ 2.2 տոկոսի աճ, մինչդեռ ավելի վաղ փորձագետները ակնկալում էին, որ երկրի տնտեսությունը կաճի 2.4 տոկոսով։
Կանխատեսման վատացումը կապված է համաշխարհային տնտեսության աճի դանդաղման և գնորդական ակտիվության նվազման հետ։ ԱՄՀ-ն նաև ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ից Բրիտանիայի հնարավոր ելքը բացասաբար կազդի ինչպես Միացյալ Թագավորության տնտեսության, այնպես էլ աշխարհում տնտեսական վիճակի վրա։
Միևնույն ժամանակ ԱՄՀ-ում նշում են, որ ԱՄՆ տնտեսությունը լավ վիճակում է։ Մայիսին երկրում գործազրկության մակարդակն իջել է վերջին 8 տարվա նվազագույն մակարդակի և կազմել 4.7 տոկոս։







































