Տեխասի Վեսթ քաղաքի իշխանությունները դատական հայց են ներկայացրել այն ընկերության դեմ, որը ղեկավարում էր պարարտանյութերի գործարանը, որտեղ ապրիլին տեղի ունեցավ պայթյուն: Հայց է ներկայացվել նաև ամոնիակի նիտրատ մատակարարող ընկերության դեմ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղական հեռուստաալիքներին:
Պայթյունը, որը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, խլել էր 15 մարդու կյանք, ավելի քան 200-ն ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Պայթյունի հետևանքով փլուզվել էր մոտ 150 տուն քաղաքում, որն ունի ընդամենը 2800 բնակիչ:
Պայթյունի առաջացման պատճառը դեպքից այսքան ժամանակ անց դեռ հայտնի չէ:
Ինչպես դատական հայցում նշում են քաղաքի ներկայացուցիչները, Adair Grain ընկերությունը խախտել է ամոնիակի նիտրատի պահպանման պայմանները, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը:
Վեսթի իշխանությունները մեղադրում են նաև CF Industries-ին այն բանում, որ այն West Fertilizer ձեռնարկությանն է վաճառել մոտ 200 տոննա ամոնիակի նիտրատ՝ առանց հավաստիանալու, որ գործարանում դրանք անվտանգ կպահվեն:
CF Industries-ի ներկայացուցիչները մեղադրանքները համարել են անհիմն ու մտադիր են հասնել հայցի մերժմանը դատարանի միջոցով:








































