ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրաքի նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ա. Գևորգյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում: Մասնավորապես, վերջին երկու տարում հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են ինտենսիվ զարգանալ. ձևավորվել է միջկառավարական հանձնաժողովը, որի առաջին նիստը կայացել է 2012թ. Բաղդադում: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս աշնանը Երևանում:
«Հանձնաժողովն իր գործունեությամբ ավելի համակարգված բնույթ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը»,- ասաց Ա. Գևորգյանը:
Նա հավելել է, որ գործարար շրջանակում արդեն կոնկրետ ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ հետաքրքրություն է նկատվում:
Ղազի Տահեր Խալեդը նշել է, որ Իրաքի իշխանությունները շահագրգռված են բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, և չկա որևէ խոչընդոտ՝ երկու երկրների միջև լավագույն հարաբերություններ հաստատելու համար: Իր նշանակումը և դեսպանատան վերաբացումը նա համարել է դրա վկայությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու ժողովուրդների պատմական կապերին, կարևորել են հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:









































