Ադրբեջանական լրատվամիջոցները հունիսի սկզբին հաղորդել էին, թե իրենց երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը խորհրդակցություններ է անցկացրել բրազիլական պատվիրակության հետ՝ պատգամավորներ Նելսոն Պելեկրինոյի և Կլաուդիո Քախանի գլխավորությամբ:
Բրազիլահայ համայնքի «Էսթեքաո Արմենիա» կայքէջի սյունակագիր՝ պրոֆ. Ջեյմս Օնիկ Թամճյանը պարզաբանել է, որ Պելեկրինոն և Կլաուդիո Քախան աշխատում են հանուն թուրքական լոբբիի: Նրանցից առաջինը գործող իշխանության կուսակցության անդամ է, իսկ երկրորդը՝ ընդդիմադիր, սակայն դա նրանց չի խանգարել այս հարցում համագործակցելու:
Բրազիլացի երկու պատգամավորները Մամեդյարովին խոստացել են դիմում ներկայացնել իրենց երկրի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովին՝ առաջարկելով Բրազիլիայի աջակցությունը Ադրբեջանին և պահանջելով հայկական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից՝ հիշատակելով ՄԱԿ-ի որոշ բանաձևեր:
Բրազիլահայ համայնքը վերոնշյալ կայքէջի միջոցով ձեռնարկել է լայնածավալ արշավ՝ քաղաքացիներին կոչ անելով բարձրացնել իրենց բողոքի ձայնը ադրբեջանական գաղափարախոսությամբ տարված այս երկու քաղաքական գործիչների և նրանց գործողությունների դեմ: Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչները և Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը ևս բողոքի նամակ են հղել:
Այս ամենի շնորհիվ Բրազիլիայի խորհրդարանի քննարկմանը ներկայացված հակահայկական առաջարկ-պահանջը հանվել է օրակարգից, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգից, թեև, ըստ Թամճյանի՝ վտանգ կա, որ այն քննարկելու փորձ կանեն նաև հուլիսի 10-ին:








































