Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Մյանմարում հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Աուն Սան Սի Չժիի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:
Չավուշօղլուն ողջունել է Մյանմարի կառավարության քայլերը՝ ուղղված Ռոհինյա մուսուլմանաբնակ շրջանի խնդիրների լուծմանը, այդ թվում նաև քաղաքացիական իրավունքների ճանաչմանը:
«Մենք ձգտում ենք սերտորեն համագործակցել Մյանմարի կենտրոնական կառավարության հետ, որպեսզի լուծվեն տեղի մուսուլմանների խնդիրները, և մտադիր ենք աջակցել նրա դրական քայլերին»,- ասել է նա:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Մյանմարում ապրում է 135 էթնիկ խումբ, ինչն իրականում հարստություն է երկրի համար. «Բազմազգ լինելու գործոնը պետք է դիտարկել որպես երկրի հարստություն: Մուսուլմանները պետք է ընկալվեն որպես ազգային խճանկարի ու հարստության մաս»:









































