Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր է կնքել 32 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա մատակարարելու մասին:
Այդ մասին հայտարարել է «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնի նախկին ղեկավար Ուչու Ձոձուաշվիլին: Սաուդյան Արաբիան ու վրացական «Դելտա» ընկերությունը պայմանագիրը ստորագրել են 2016 թվականի մարտին, որի հիման վրա վրացական կողմը մարտական մոդուլների առաջին խմբաքանակը Սաուդյան Արաբիային պետք է մատակարարի հունիսին:
Սաուդյան Արաբիային վաճառվող մարտական մոդուլները նման կլինեն նրանց, որոնք 2012 թվականին պատրաստվել են «Դելտայի» կողմից և տեղադրվել են «Լազիկա» հետևակի մարտական մեքենայի վրա:
Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան արդեն մեկ տարի է, ինչ պատերազմում է Եմենում, ենթադրվում է, որ վրացական մարտական մոդուլները մարտադաշտում կհայտնվեն մոտ ապագայում:









































