Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ և իշխող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը համարում է, որ Գարեգին Նժդեհը` որի հուշարձանը Երևանի կենտրոնում բացվել է մայիսի 28-ին, ազգային հերոս է և ճիշտ չէ նրան նացիստների հետ համեմտելը, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան զարմացած է Երևանում վերմախտի «Հայկական լեգիոնի» ստեղծողներից մեկի` գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ:
«Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի համեմատությունը նացիստների հետ պատմության համար անշնորհակալ գործ է: Նժդեհը հանդիսանում է հայ ազգի համար ազգային հերոս այնպես, ինչպես Ալեքսանդր Նևսկին և գեներալիսիմուս Սուվորովը համավում են ազգային հերոս եղբայրական ռուս ժողովրդի համար»,- ասել է Շարմազանովը Sputnik գործակալությանը:
Նրա խոսքերով` Նժդեհը երբեք չի պայքարել ֆաշիստների և նացիստների հետ ինչ-որ մեկի դեմ: «Նա պայքարել է հայ ազգի ազատության, հայկական պետականության, առաջին հերթին մեր ազգի լավ ապագայի համար: Զուգահեռներ անցկացնել Նժդեհի և նացիստների միջև դա պատմության համար անշնորհակալ գործ է: Ես դա ասում եմ որպես պատմաբան»,- ընդգծել է Շարմազանովը:










































