ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ԱԺ ամբիոնից ներկայացրած 2012 թվականի ՎՊ տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած խախտումների նյութերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու հարցը դեռևս լայն քննարկման առարկա է: ԱԺ պատգամավորները, հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները հորդորում են ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին հետևել օրենքի պահանջին և Ազգային ժողովի նիստում սույն թվականի հունիսի 13-18-ը ներկայացրած Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում տեղ գտած քրեաիրավական բնույթի խախտումները ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Արտաքին պետական վերահսկողություն իրականացնող այս կառույցը, որը հիմնադրվել է 1996թ. մայիսի 29-ին, ունի նաև օրենք՝ ընդունված 2006թ. դեկտեմբերի 25-ին: Ըստ այդ օրենքի 1-ին հոդվածի՝ «ՀՀ վերահuկիչ պալատը բյուջետային միջոցների և պետական ու համայնքային uեփականության oգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահuկողություն իրականացնող անկախ պետական մարմին է, այն իր խնդիրներն իրականացնելիu անկախ է ՀՀ պետական մարմիններից, ՎՊ-ն դատարանում կարող է ՀՀ անունից հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող»: Իսկ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՎՊ-ն վերահսկողության ընթացքում կազմած արձանագրություններն ու հաշվետվությունները ՎՊ խորհրդի որոշմամբ կարող է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ:
Սակայն Իշխան Զաքարյանը ՀՀ գլխավոր դատախազություն դեռևս չի դիմել:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ՀՀ ՎՊ-ի մասին օրենքն է արդեն իսկ ենթադրում, որ Իշխան Զաքարյանը պետք է դիմի գլխավոր դատախազություն: Անդրադառնալով տեսակետներին, թե ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ-ում Իշխան Զաքարյանի ելույթը կարող էր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին՝ ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է սպասի մինչև ՎՊ նախագահը դիմի կամ ՎՊ-ին օրենքով սահմանված ժամկետն ավարտվի, որից հետո ելույթը կարող է ընդունվել որպես հաղորդում հանցագործության մասին:
Հարցին, թե ՎՊ-ն իսկապե՞ս անաչառ է գործում, վերահսկողություն է իրականացնում, թե՞ ծառայում է որպես գործիք իշխող կուսակցության ձեռքին, Հոկտանյանը պատասխանեց. «Այն, որ նման խնդիր Հայաստանի նման երկրներում գոյություն ունի, դրանում կասկած չկա»: Ավելին, ըստ նրա, երբ ընդդիմությունը երկրում շատ թուլացած է, դուրս է մղված քաղաքական գործընթացներից կամ ընդհանրապես գոյություն չունի, ինչպես Հայաստանի դեպքում է: Նման պայմաններում, Վ. Հոկտանյանի խոսքով, պայքար, հաշիվների մաքրում է սկսվում իշխող վերնախավի ներսում:
«Ես չեմ բացառում, որ ՎՊ հաշվետվությունը և դրան հաջորդած իրադարձությունները, խոսակցությունները այդպիսի գործընթացի արտացոլումն են: Ինչպես երևում է ՎՊ բացահայտումներից և դիզվառելիքի հայտնի պատմությունից, որը կապվում էր Հովիկ Աբրահամյանի եղբոր անվան հետ, կարելի է այս ամենը ներիշխանական պայքարի ենթատեքստով ներկայացնել, քանի որ տեղի է ունենում Հայաստանում, որտեղ ընդդդիմությունը թուլացած է, որը թուլացնում է իշխանության զգոնությունը: Չէ՞ որ ուժեղ ընդդիմությունն իշխանությանը կոնսոլիդացնում է: Բայց սա բնորոշ է ոչ ժողովրդավարական երկրներին: Օրինակ՝ ԽՍՀՄ տարիներին մի կուսակցական համակարգ էր՝ ԽՄԿԿ-ն էր, կուսակցության ներսում միշտ գոյություն է ունեցել շատ լուրջ պայքար, և հիմա, որ բացվում են արխիվները, բացահայտվում է, որ օրինակ՝ Գորբաչովի՝ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար դառնալը շատ լուրջ ներքին ներկուսակցական պայքարի արդյունք էր, այնպես չէր, որ կուսակցությունը միաձայն որոշեց, որ պետք է լիներ Գորբաչովը, կամ 1964թ. Խրուշչովի տապալումը: Եվ դա միայն ԽՍՀՄ-ում չէր, դա եղել է նաև այլ կուսակցությունների դեպքում, և նույնիսկ ժողովրդավարության պայմաններում շատ կուսակցությունների ներսում եղել է ներքին պայքար, որը բնական երևույթ է, այսինքն՝ ներվերնախավային պայքարը բնորոշ է ոչ միայն հայերին»,- մեկնաբանեց Վ. Հոկտանյանը:
Վերջինս, սակայն, ընդգծեց, որ ամեն դեպքում, եթե նույնիսկ նման պայքար գոյություն ունի իշխանության ներսում, շատ կարևոր բացահայտում է տեղի ունեցել, որը բյուջեի թալանն է՝ կոռուպցիայի ամենագլխավոր և ամենասարսափելի դրսևորումը: Նա նշեց, որ կաշառակերությունն այնքան վնաս չի հասցնում երկրին և երկրի տնտեսական վիճակին, որքան բյուջեի թալանը, և ՎՊ հաշվետվությունը բյուջեի թալանի բացահայտում էր, ամենախայտառակ տեսակի կոռուպցիայի բացահայտում, այլ հարց է, որ դա, իհարկե, կարող է օգտագործվել ներվերնախավային հաշիվներ մաքրելու համար: Բայց, ըստ նրա, եթե կան այնպիսիք, որ սա վերագրում են ներվերնախավային պայքարին և լուրջ չեն վերաբերվում բացահայտումներին՝ սխալ են անում, քանի որ իրականում պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև վեր է հանվում երևույթ, որը համատարած բնույթ է կրում Հայաստանում: «Կարևոր չէ՝ ինչ նպատակներով է այդ բացահայտումը կատարվում, մնում է սպասել, տեսնել, թե երբ է ՎՊ-ն դիմելու գլխավոր դատախազություն ամբողջական գործերով, ոչ թե մասնակի, դրվագային»,- նկատեց Վ. Հոկտանյանը:
Նա նշեց, որ եթե ՎՊ-ն գնա հեռու և դիմի դատախազություն, դա արդեն կարելի է մեկնաբանել նաև այնպես, որ իշխող վերնախավի ներսում լուրջ հակասություններ կան: Եթե չի դիմում կամ եթե դիմում է, բայց հետո դատախազությունն այդ ամենը հիմնազուրկ է գտնում, կարող է նշանակել, որ ներքին այդ պայքարի հարցում կոմպրոմիսային լուծումների են եկել և կարող են ցույց տալ ՎՊ-ի ոչ պրոֆեսիոնալ լինելը:
Եթե որևէ մարմին ամեն դեպքում այս մասին չհայտնի իրավապահ մարմիններին, Վ. Հոկտանյանի խոսքով, «Թրանսփարենսին» հետևողական է լինելու: Վարուժան Հոկտանյանը չի բացառում, որ իրենց առաջին քայլը կլինի ՎՊ-ից պարզաբանումներ պահանջելը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































