Femen շարժման ակտիվիստները հերթական ակցիան են անցկացրել հաջակցություն իրենց համախոհների, որոնք Թունիսում դատապարտվել են ազատազրկման: Այս անգամ աղջիկների թիրախում է հայտնվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Femen-ի երկու ակտիվիստներ հարձակվել են Ֆրանսուա Օլանդի վրա վերջինիս Լե Բուրժե ավիասրահ կատարած այցի ժամանակ: Օլանդին մոտենալիս աղջիկները բղավել են՝ «Ազատություն»: Նրանք ձերբակալվել են անվտանգության աշխատակիցների կողմից:
Femen-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թունիսում շարժման անդամների դատավարության օրը, որոնցից երկուսը ֆրանսիացիներ են, իրենք Օլանդին կոչ են արել վճռական գործողություններ ձեռնարկել «աղջիկներին իսլամական գերությունից ազատելու համար»: Բացի այդ, նրանք Օլանդին կոչ են արել հրաժարվել հուլիսի 4-ին Թունիս նախատեսված աշխատանքային այցից, քանի դեռ շարժման չորս ակտիվիստները ազատ չեն արձակվել:
Օլանդի հետ միջադեպը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Femen-ի ակտիվիստները հարձակվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա, որն այցով գտնվում էր Գերմանիայում:









































