MK-Turkey-ի փոխանցմամբ՝ PayPal համաշխարհային խոշորագույն վճարային համակարգը հունիսի 6-ից Թուրքիայում կդադարեցնի իր հաճախորդների հաշիվների հետ կապված բոլոր գործարքները:
Ըկերության տարածած հայտարարությունում նշված է. «Մենք ցավով հայտնում ենք, որ դադարեցնում ենք մեր գործունեությունը Թուրքիայում: 2016 թվականի հունիսի 6-ից թուրք հաճախորդները չեն կարողանա իրենց հաշվեհամարների օգնությամբ ստանալ ու ուղարկել միջոցներ: Մինչև ամսի 6-ը դա հնարավոր է»:
PayPal-ը պարզաբանել է, որ թուրքական Բանկային կարգավորման ու վերահսկողության գործակալությունը հրաժարվել է լիցենզիա տրամադրել և հանձնարարել է կասեցնել PayPal-ի գործունեությունը երկրի ներսում:
Գործակալության որոշումը վերջնական է, նա պատասխանատու է Թուրքիայում ֆինանսական հիմնարկների գործունեության վերահսկման ու նրանց կողմից ֆինանսական կարգապահության պահպանման համար:
PayPal-ը ստեղծվել է 1998 թվականին և այդ ընթացքում կարողացել է վերածվել գլոբալ մասշտաբի հարթակի՝ ներկայացված ավելի քան 200 շուկայում և հնարավոր դարձնելով ավելի քան 100 համաշխարհային արժույթով դրամական փոխանցումներ: 2015 թվականին ընկերությունն իրականացրել է 4.9 միլիարդ գործարք, որոնցից 28 տոկոսը իրականացվել են բջջային սարքերով:








































