ԱՄՆ-ը շարունակում է Եվրոպայում ստեղծել հակահրթիռային պաշտպանություն՝ չնայած անձամբ է կողմ եղել իրանական միջուկային հարցով գործարքին և Իրանի կողմից սպառնալիք չկա՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մեզ ոչ ոք չի լսում։ Մեզ հետ ոչ ոք չի ցանկանում բանակցություններ վարել։ Ընդհանուր արտահայտություններից բացի՝ մենք ոչինչ չենք լսում։ Իսկ ընդհանուր արտահայտությունները կայանում են նրանում, որ դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, դա չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը։ Հիշեցնեմ, որ ի սկզբանե խոսքը Իրանի կողմից եկող սպառնալիքի կանխման մասին էր, խոսքը իրանական միջուկային ծրագրի մասին էր։ Այժմ որտե՞ղ է իրանական միջուկային ծրագիրը։ Այն չկա։ ԱՄՆ-ն անձամբ է եղել Իրանի հետ պայմանագրի ստորագրման նախաձեռնող»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել Ռումինիայում ԱՄՆ ՀՀՊ համակարգի շահագործման հանձնմանը։ Նրա խոսքով՝ Ռումինիայում ՀՀՊ սարքերում կարող են տեղակայվել հարվածային համալիրներ՝ բավական է փոխել ծրագրային ապահովումը։
Պուտինի հայտարարությունից հետո ՆԱՏՕ-ն կրկնել է վստահեցումներն առ այն, որ Եվրոպայում ստեղծվող ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։







































