Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդի ենթադրյալ ապօրինի դուստրը՝ Դելֆին Բոելը, դատարանով պահանջել է ԴՆԹ թեստ անել, որպեսզի վերջնականապես հաստատվի, թե ով է իր հայրը: Այդ մասին այսօր հաղորդել են բելգիական հեռուստաընկերությունները:
Այդ տեղեկությունն արդեն հաստատել է թագավորական պալատը, որի հայտարարության համաձայն, Բոելի հայցով Բրյուսելի դատարան պետք է ներկայանան Ալբերտ Երկրորդը, արքայազն Ֆիլիպը և միապետի դուստր Աստրիդը:
«Կարելի է կռահել այդ հայցի նպատակը»,- նշել է պալատի ներկայացուցիչը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ անել:
Ինքը՝ 79-ամյա թագավորն, իրավական անձեռնմխելիություն ունի, և դատարանը նրան չի կարող պարտադրել ԴՆԹ թեստ անցնել, բայց ոչինչ չի խանգարում այդ անալիզը վերցնել նրա երեխաներից:
Բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշամի 45-ամյա դուստր Դելֆին Բոելն աչքի է ընկում Ալբերտ Երկրորդին ակնհայտ նմանությամբ:










































