Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համար և այդ ուղղությամբ ակնկալիքներ ունի հունիսին սպասվելիք Սարգսյան-Ալիև նոր հանդիպումից: Թե ինչ են ենթադրում ԱՄՆ-ը կամ Մինսկի խմբի երեք համանախագահները ընդհանրապես՝ համապարփակ կարգավորում ասելով, հայտնի է Մադրիդյան սկզբունքներ անվան տակ:
Միաժամանակ, նաև ակնհայտ է, որ այս սկզբունքները ինքնին չափազանց փոքր են երեք համանախագահների աշխարհաքաղաքական շահերի համատեքստում, այդ թվում՝ դրանցում ղարաբաղյան խնդրի բաղադրիչի համեմատությամբ:
Ըստ այդմ՝ Մադրիդյան սկզբունքներ ասվածը, խոշոր հաշվով, պայմանականություն է, որի տակ առկա են իրականության բազմաշերտ խորքեր: Ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը դա Կովկասի խնդրի կարգավորում է: Իսկ Կովկասի խնդիրը ռուսական գերիշխանությունն է, իսկ ավելի շուտ՝ ռուս-թուրքական գերիշխանությունը, որը իր ազդեցությունը պահպանում է անկախ Ռուսաստանի և Թուրքիայի անմիջական հարաբերությունների բնույթից, որովհետև առանցքային մի հարցում նրանք շահընկեր են միշտ՝ Կովկաս թույլ չտալ երրորդ էական խաղացողի մուտք, առավել ևս խաղացողի, որը հավակնում է լինել առաջատար:
Տվյալ դեպքում խոսքը Արևմուտքի մասին է, թեև անգամ Իրանի մուտքը ռուս-թուրքական շահի համար անընդունելի է: Եվ ասել՝ ղարաբաղյան կարգավորում, համապարփակ կարգավորում, դա պետք է նշանակի ասել՝ ռուսաստանյան խնդրի լուծում, որի միջոցով նաև թուրքական խնդրի լուծում: Մադրիդյան սկզբունքներ կոչվածը ակնհայտորեն չափազանց նեղ է այս շրջանակի համար, հետևաբար՝ լուծումը չի կարող լինել այս նեղ շրջանակում: Ըստ այդմ, ասել՝ համապարփակ լուծում, նշանակում է՝ ներառել բոլոր այն տարածաշրջանային հյուսվածքները, որոնք կապված են ռուս-թուրքական գերիշխանության հետ, և որոնց միջոցով հնարավոր է թեկուզ քայլ առ քայլ թուլացնել այդ գերիշխանությունը:
Եվ այդ տեսանկյունից, կոնկրետ Հայաստանի մասով,- որովհետև խնդիրը ներառում է նաև Հայաստանից դուրս կովկասյան սեգմենտներ,- երեկ տեղի է ունեցել մեկ այլ նշանակալից իրադարձություն՝ Հայաստան-ԱՄՆ բիզնես ֆորում: Զարգացնել Հայաստանի տնտեսությունն ու զարգացնել Ռուսաստանից անկախ ուղղություններով: Սա ոչ միայն հայաստանյան, այլ նաև ռազմավարական տարածաշրջանային նշանակության խնդիր է: Եվ այս խնդրում հեռանկարները շատ ավելի իրատեսական կարող են լինել, քան Սարգսյան-Ալիև բանակցություններում: Ավելին՝ այդ, այսպես կոչված, բանակցությունները առավելագույնը կարող են ծառայել կայունությունը հնարավորինս պահպանելուն, որպեսզի այդ մթնոլորտում լուծվեն առավել էական տնտեսական վերափոխումների հետ կապված խնդիրները:
Այսինքն՝ համապարփակ լուծումը իրականում Մադրիդյան սկզունքների շուրջ խոսակցությունները չեն, այլ Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի իրական հնարավորությունների ընդլայնումը: Իսկ դա որևէ կապ չունի «մադրիդյան» հեռանկարների հետ: Այստեղ պետք է վերանայվեն պատճառահետևանքային սլաքների ուղղությունները: Սա պետք է լինի Հայաստանի առաջիկա պետական ռեժիմն արտաքին քաղաքական հարաբերություններում, միջազգային գործընկերների հետ շփումներում:
Այստեղ է, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանային ճեղքումը, որի արդյունքում, ինչքան էլ զարմանալի չթվա, կարող է պարզվել, որ իրականում ղարաբաղյան խնդիր գոյություն էլ չունի, և չկա կարգավորման հրամայական, պարզապես ղարաբաղյան գոտին իր վրա կրել է ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանի անավարտ վերակազմակերպման հետևանքը:
Մեծ հաշվով, տարածաշրջանում հետխորհրդային վերակազմակերպման ուղղությամբ կատարված եզակի պրակտիկ քայլը դա արցախյան առաջին պատերազմի արդյունքն է, որը խնդիր է դարձել ամբողջական գործընթացի կիսատ մնացած լինելու հետևանքով:








































