1889թ. այս օրը Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը (Քոչարյան):
Գեղանկարիչ-արձանագործ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը 20-րդ դարի մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-1936թթ. Փարիզում ստեղծած իր արվեստով Քոչարը դասվեց այն մեծերի շարքին, որոնցով պայմանավորվեց եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Նա հիմնադիրն է Տարածական նկարչության պլաստիկ գեղարվեստական նոր արտահայտչաձևի, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:
Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների հետ: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:
1936թ. վերադարձել է հայրենիք: Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ: Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, որը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր:
Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965-ին: Արգելքները, բանտը, մեկուսացումը անտարակույս ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը:
Որոշիչ դեր ունեցավ նաև խրուշչովյան «ձնհալը»: Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ:
1984թ. Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը:
Մահացել է 1979թ. հունվարի 22-ին Երևանում:







































