Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման. այն կարող է աշխատել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Քաղավիացիայի վարչության պետ, քաղավիացիայի ոլորտի մասնագետ Դմիտրի Ադբաշյանը՝ հավելելով, որ կան տեխնիկական չլուծված խնդիրներ. «Դրանք լուծելու համար ժամանակ է պահանջվում: Ես դժվարանում եմ նշել, երբ կլուծվեն, համենայնդեպս՝ ներառված են մասնագետներ տարբեր երկրներից, բայց թե ինչ կլինի, երբ կլինի՝ ես շատ եմ դժվարանում ասել: Ուղիղ կես ժամ առաջ իսպանացի մասնագետների հետ էինք խորհրդակցում՝ տեսնենք, առայժմ պարզ չէ»:
Մեր այն հարցերին, թե հնարավո՞ր է նախագահների մակարդակով հանդիպումը (Սարգսյան-Ալիև) այս հարցում որևէ էական տեղաշարժ մտցնի, և բանակցությունների այս փուլում ճի՞շտ է արդյոք Հայաստանի կողմից հարցը բարձրացնելը, Դ․ Ադբաշյանն ասաց․«Ես խոսում եմ միայն այն հատվածի մասին որ ինձ հետ է կապված, թե ուրիշ մարդիկ կարող են այլ պատճառների ու խնդիրների մասին խոսել՝ այլ խնդիր է. ես այդ պատճառներին ծանոթ չեմ, քաղաքական հատվածն ինձ հետ առնչություն չունի:
Իր հերթին «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Խանումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ օդակայանի շահագործման խնդիրն այնքան էլ առաջնային չէ, ինչքան, օրինակ, Քարվաճառի (Նոր Շահումյանի) շրջանով անցնող ճանապարհը, որն Արցախը Երևանին է կապում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի միջոցով. «Վերջերս կա այդպիսի ցանկություն, պետք է իրագործեն Հայաստան համահայկական հիմնադրամի, ասել է թե՝ համայն հայության գումարներով: Օրինակ՝ ես կարծում եմ՝ օդանավակայանի վրա ծախսված գումարները պետք է ծախսվեն այդ ճանապարհների վրա»։
Հ․ Խանումյանը հավելեց, որ մեզ անընդհատ փորձում են համոզել, որ տեխնիկական հարցեր կան, սակայն հստակ է, որ Ադրբեջանը խոչընդոտում է օդակայանի բացմանը. «Չեն կարողացել հարթեցնել այդ խնդիրը և նախապատրաստել դրան, բայց հիմա ես կարծում եմ, որ պետք է այլ բանի մասին մտածել, իմ նշած ճանապարհի խնդիրը դեռ 20 տարի առաջ պետք է լուծեին, արդեն շատ է ուշանում»:







































