Facebook սոցցանցը ներմուծել է հեշթեգներով որոնում: Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:
«Այսօրվանից Facebook-ում դուք կարող եք օգտվել հեշթեգներից այնպես, ինչպես Instagram-ում, Twitter-ում, Tumblr-ում, Pinterest-ում»,- ասվում է մամլո հաղորդագրությունում:
Հեշթեգը բառ կամ արտահայտություն է, որը սկսվում է # նշանով՝ առանց միջակայքի: Հեշթեգով որոնման դեպքում կարելի է տեսնել ձեզ հետաքրքրող թեմայով այլ օգտատերերի գրառումներն ու էջերը:
Այն մասին, որ Twitter-ի կողմից աճող մրցակցության ֆոնին սոցցանցը պատրաստվում է անցում կատարել հեշթեգային համակարգ, մարտին գրել էր Wall Street Journal-ը:
Փորձագետների կարծիքով՝ հեշթեգների ներդրմամբ աշխարհում խոշորագույն սոցցանցը կստանա զրույցներն ըստ թեմաների ինդեքսավորելու հնարավորություն՝ այդպիսով մեծացնելով լսարանը:









































