«Կանխե՛նք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը հորդորում է քաղաքացիներին չընդունել փոխադարձ ակտ ստորագրելու մասին պարտադրանքը, քանզի դրանով կհամաձայնվեն գազի գնի բարձրացմանը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մոտ օրերս «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները կայցելեն բոլորի բնակարանները և առանց մանրամասն բացատրելու` կհորդորեն ստորագրել, բայց դրան համաձայնել պետք չէ․ «Պատկերացրեք, «ՀայՌուսգազարդն» ու 600.000 սպառող, եթե իրենցից 300.000-ն էլ չստորագրեն, ապա «ՀայՌուգազարդը» կսննկանա, դա արդեն իսկ մեծ առաջընթաց կլինի:
Սիլվա Ադամյանը քաղաքացիներին անհնազանդության կոչ է անում՝ ասելով, որ սա ընտրություն չէ, քաղաքական պայքար չէ, և պետք է մեկ անգամ գոնե տեր կանգնել իրավունքներին:
Ի դեպ, բանախոսը նշեց, որ մինչ այսօր բացի հասարակության մի շերտից, որին հետաքրքրում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, ուրիշ ոչ մեկը չի միացել իրենց պայքարին՝ անգամ ընդդիմությունը և նույնիսկ իրեն այլընտրանք հռչակած կուսակցությունը․ «Այս ամենը հետևանք է արտագաղթի, իսկ մենք դա ուզում ենք կանխել»:







































