Լոնդոնում ակնաբուժության ինստիտուտի բժշկական հետազոտությունների ոլորտի մասնագետները պնդում են, որ ապացույց չկա, թե լազերային ցուցիչի ճառագայթները կարող են վնասել ինքնաթիռների օդաչուների տեսողությունը: Սակայն կարճատև կուրացումը և ուշադրության շեղումը կարող են ճակատագրական դեր խաղալ ուղևորների և անձնակազմի անդամների համար: Հոդվածը հրապարակվել է British Journal of Ophthalmology-ում:
Վերջերս ավելացել են լազերային ցուցիչներից ուղևորատար ինքնաթիռների օդաչուների կուրության դեպքերը, միայն մեկ տարում գրանցվում է մոտ 1500 նման դեպք: Հաղորդվում է մեկ դեպքի մասին, երբ լազերային ճառագայթը հանգեցրել է օդաչուի աչքի ցանցաթաղանթի վնասման, սակայն բժիշկները կարծում են, որ նման դեպքերը քիչ հավանական են:
Հետազոտողների խոսքով՝ տեխնոլոգիաների կատարելագործումը բերել է լազերային սարքերի բարելավման և դրանց հզորացման, սակայն աչքերը վնասել դրանք կարող են միայն մինչև մի քանի մետր հեռավորությունից:
Համացանցում կարելի է ձեռք բերել հզոր լազերային ցուցիչներ 1000 մՎտ էներգետիկ ելքով, նույնիսկ 6000 մՎտ: Չորրորդ դասի վտանգավորության այդ սարքերը կարող են տեսողությունից զրկել մի քանի մետրից:
Սակայն այդպիսի ճառագայթը թռչող ինքնաթիռին ուղղելու դեպքում լույսի փունջը պետք է մեծ տարածություն անցնի և հաղթահարի խցիկի ապակին: Այդ պայմանները ճառագայթը բավականաչափ ցրում են, որպեսզի այն վտանգավոր չլինի օդաչուի աչքերի համար: Սակայն վայրէջքի ժամանակ ուշադրության շեղումը կարող է աղետի հանգեցնել: Ուստի, աշխատանքի հեղինակների պնդմամբ, անհրաժեշտ է լազերային սարքերի շրջանառության նկատմամբ սահմանել վերահսկողություն:









































