Ամեն տարի ապրիլի 17-ին շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի(ՀՀՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ակցիային և նշում են Հեմոֆիլիայի համաշխարհային օրը:
Կազմակերպվող միջոցառումների ընդհանուր նպատակը ժառանգաբար փոխանցվող այդ հիվանդության նկատմամբ հասարակության ուշադրության գրավումն ու բժշկական օգնության որակի բարելավումն է:
Օրը պայմանավորված է ՀՀՖ-ի հիմնադիր Ֆրենկ Շնայբելի ծննդյան ամսաթվով: Հեմոֆիլիայի համաշխարհային օրը աշխարհի շատ երկրերում նշվում է 1989թ.-ից ի վեր:
Հիշեցնենք. հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է: Այն բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ: Դրան հիվանդանում են տղամարդիկ:
Հեմոֆիլիան պայմանավորված է արյան պլազմայում մակարդելիությունն ապահովող գործոնի անբավարարությամբ:
Այդ ժառանգական արատը իրենց որդիներին փոխանցում են արտաքուստ առողջ մայրերը: Հեմոֆիլիայով հիվանդ տղամարդկանց որդիները չեն ժառանգում մակարդելիության պակասի այդ արատը, և նրանց ժառանգները ծնվում են առողջ, իսկ դուստրերը պարտադիր ժառանգում են և փոխանցում իրենց որդիներին:










































