Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ:
Հանդիպման ժամանակ Խամենեին հայտարարել է, որ եվրոպական երկրների հետ Իրանի բանակցությունները չեն տվել զգալի արդյունքներ՝ չնայած նրան, որ այդ երկրների պատվիրակությունները կանոնավորապես այցելում են Թեհրան:
Խամենեին հայտարարել է, որ ոմանք դրա համար մեղադրում են ԱՄՆ-ին, որ այդ երկիրը մինչև վերջ հավատարիմ չի գտնվել միջուկային գործարքի պայմաններին:
Խոսելով Իրանի ու Իտալիայի փոխհարաբերությունների մասին՝ Խամենեին հիշեցրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այս տարվա հունվարին այցելել է Հռոմ, և որ այդ այցը նպաստել է երկու երկրների կապերի ընդլայնմանը:
Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքով՝ Իտալիան Իրանի հանդեպ պատժամիջոցների ժամանակ իրեն դրսևորել է ավելի խելամիտ, քան Արևմուտքի մի շարք երկրներ. «Իրանը ողջունում է Իտալիայի հետ կապերի ընդլայնումը բոլոր ոլորտներում և մասնավորապես՝ տնտեսական»:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին 250 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ Իրան է ժամանել ապրիլի 12-ին:










































