Ռոբերտ Քոչարյանը այսօր tert.am-ին արձագանքել է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման փաստի կապակցությամբ՝ ասելով, թե ինքը նման հանդիպում նախաձեռնելու մտադրություն չունի, և չի կարծում, որ նման հանդիպումները կարող են գործնական խնդիրներ լուծել: Նա հայտարարել է, որ այսօր հրամայականը բանակը արդիական սպառազինությամբ ապահովելն է:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին նշվել էր, որ դա տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: Ավելի ուշ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում որոշակի մանրամասներ էր ներկայացրել և դրանցում նշել նաև, որ ներկայիս վիճակի համար՝ ղարաբաղյան կարգավորման գործում Մադրիդյան սկզբունքների և հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի հավանությունը տվել է Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը ժառանգել է այդ իրավիճակը:
Իր արձագանքում Ռոբերտ Քոչարյանն այս մասին չի խոսել, հետաքրքրական է, որ այս մասին հարց էլ չի տրվել նրան:
Այսպիսով, հարկ է արձանագրել, որ թեև Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր չէ Սարգսյանի հետ հանդիպում նախաձեռնել, այնուհանդերձ դադար է վերցրել քաղաքական բովանդակության մասով:
Կասկած չկա, որ առաջիկայում Քոչարյանին հարկ կլինի անդրադառնալ այն հարցերին, որոնց համար նրա վրա պատասխանատվությունը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն Քոչարյանի դադարը, ըստ էության, վկայում է, որ նա չի ցանկանում, այսպես ասած, «տաք գլխով» կամ «պահի ազդեցությամբ» արձագանքել, ինչը վկայում է, որ Քոչարյանը թերևս որոշակի էական բան է տեսնում Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման ներքո, և ամբողջական ու առավել բովանդակային դիրքորոշման համար, ըստ երևույթին, ուզում է հասկանալ մի շարք հանգամանքներ, ըստ որում՝ միգուցե և՛ Հայաստանի ներսի, և՛ արտաքին հարթությունների հետ առնչվող:







































