Newsarmenia.am-ի փոխանցմամբ՝ ռուս քաղաքագետ, միջազգային հարցերով Ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունների վերաբերյալ որպես բնաբան իր գրառման մեջ օգտագործել է գովազդային հոլովակից հետևյալ արտահայտությունը. «Երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել»:
«Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին՝ որպես իր ռազմավարական գործընկերոջ, զենք վաճառել՝ համաձայն պայմանագրերի: Միանգամից ասեմ՝ ես դեմ եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների խաթարմանը և դեմ եմ նրա հետ թշնամանալուն: Սա ասում եմ՝ չնայած անձնապես իմ դեմ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է պերսոնա նոն-գրատա:
Սակայն անձնականը և հանրայինը պետք է կարողանալ տարանջատել: Ակնհայտ է, որ պահպանելով որոշակի համագործակցություն՝ ապրիլյան «ռազմական տագնապից» անհրաժեշտ է դասեր քաղել, սթափ և հանգիստ վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել, և ինչպես անել, որ մեր զենքը չկրակի ամենաանհարմար պահի՝ դե ֆակտո չամրապնդելով մեր շահերը:
Ընկերներ, սա Կովկասն է: Սա Ձեզ համար մայդանի ձախ հեղափոխականները չեն: Այստեղ երբեմն պետք է մտածել, իսկ երբեմն լռել: Ինչու բարձրացնել հակառուսական տրամադրություններ և նվեր մատուցել նրանց կրողներին… կամ Դմիտրի Օլեգովիչը գաղտնի գործակա՞լ է: Ավարտում եմ նրանով, ինչով սկսել եմ՝ երբեմն ավելի լավ է ծամել»,- նշել է Մարկեդոնովը:










































