ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման՝ չնայած Եվրոպայում Մոսկվայի գործողությունների առնչությամբ անհանգստությանը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մենք կփորձենք խուսափել սառը պատերազմից և շահագրգռված ենք Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության իրականացմամբ»,- հայտարարել է Սթոլթեբերգը։
Նա նշել է, որ Մոսկվայի հետ շփումները չեն վկայում անբավարար կոշտության մասին։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «երկխոսությունը թուլություն չէ, այլ ուժ»։
Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, որի աշխատանքն ընդհատվել էր՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, կարող է վերսկսել աշխատանքը, եթե կողմերը պայմանավորվեն օրակարգի մասին։
Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Մոսկվան ձգտում է վերականգնել ազդեցությունը իր սահմանների շրջագծով, ինչը «անընդունելի է, քանի որ տանում է անկախ պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման»։










































