Համաշխարհային ռազմական ծախսերը 2015 թվականին կազմել են մոտ 1.7 տրիլիոն դոլար. դա նշանակում է՝ մեկ տարում 1 տոկոսով աճ։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն։
2015 թվականին աշխարհում ռազմական ծախսերի տեմպերի աճը ինստիտուտի փորձագետներն անվանել են առաջինը 2011 թվականից։
Փորձագետները 2014 թվականի համեմատ աննշան կամ փոքր-ինչ դանդաղ են համարել ռազմական ծախսերի կրճատումը Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ Ծախսերի աճ է դիտվել Ասիա և Օվկիանիայում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այն երկրներում, որոնցից հնարավոր է եղել տվյալներ ստանալ։
«Ռազմական ծախսերը 2015 թվականին ցուցաբերում են հակասական միտումներ»,- ասել է ռազմական ծախսերով SIPRI-ի նախագծի ղեկավար Սեմ Փերլո-Ֆրիմանը։ Նրա խոսքով՝ մի կողմից՝ ծախսերի միտումներն արտացոլում են աճող հակամարտություն և լարվածություն աշխարհի շատ հատվածներում, մյուս կողմից՝ դրանք ցուցաբերում են նավթով պայմանավորված աճի ակնհայտ թուլացում. այդ փոփոխված քաղաքական և տնտեսական իրավիճակը ստեղծում է առաջիկա տարիների համար անորոշ պատկեր։
ԱՄՆ-ը շարունակում է մնալ խոշորագույն ռազմական ծախսերով երկիր։ ԱՄՆ-ում ռազմական ծախսերը կրճատվել են նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ, և 2015-ին կրճատումը կազմել է 2.4 տոկոս։ Հետազոտողները պատճառների շարքում նշում են Կոնգրեսի կողմից ընդունված միջոցառումները՝ ուղղված նախորդ տարիների բյուջեի ծախսերի նվազեցման հետևանքների վերացմանը։
Աշխարհում 2015-ին կատարված ռազմական ծախսերում ԱՄՆ-ն ունի 36 տոկոս մասնաբաժին։
Ընդհանուր առմամբ խոշորագույն ծախսերով երկրի ցուցակը մնացել է անփոփոխ 2014-ի հետ համեմատած։ Ցուցակում երկրորդ տեղում Չինաստանն է՝ 13 տոկոս համաշխարհային մասնաբաժնով։ Հաջորդում են Սաուդյան Արաբիան (5,2%), Ռուսաստանը (4,0%), Մեծ Բրիտանիան (3,3%)։








































