ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ապրիլի 4-7-ը այցով կմեկնի ԱՄՆ, որտեղ երկրի ղեկավարության հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը և Եվրոպայում դաշինքի «պաշտպանության և զսպման» քաղաքականության իրագործումը, որի ներքո հասկացվում է առաջին հերթին՝ Ռուսաստանին դիմագրավելը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սպիտակ տան մամլո ծառայությունում RIA Novosti-ին հայտնել են, որ Սթոլթենբերգի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հաստատել միասնությունը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Բրյուսելում ահաբեկչությունների ֆոնին:
«Նախագահը մտադիր է գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հետ քննարկել առաջընթացը, որին ձգտում է դաշինքը ԴԱԻՇ-ի թուլացման և ոչնչացման գործում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դերը փախստականների և ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի թեթևացման գործում, որն առաջացել է մասամբ ահաբեկչական խմբերի պատճառով»,- ասել են Սպիտակ տանը:
Բացի դրանից՝ կողմերը կքննարկեն հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը «Եվրոպայում զսպվածության ամրապնդման, Եվրոպայի շրջագծում անկայունությանը պատասխանելու և դաշինքի հնարավորությունների և գործընկերության ուժեղացման» ուղղությամբ ջանքերի կոնտեքստում:
Իր հերթին, դաշինքի ներկայացուցիչը RIA Novosti-ին հայտնել է, որ բացի Վարշավայում գագաթնաժողովից պատրաստվելը՝ կողմերը կքննարկեն «ընթացիկ մարտահրավերները անվտանգության ոլորտում և ՆԱՏՕ-ի պատասխանը դրանց»:








































