«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
– Ռուս ռազմական փորձագետ Ա. Խրամչիխինի վերջին հրապարակումը՝ կապված ՀՀ և ԼՂՀ ԶՈւ կառուցվածքի և զինտեխնիկայի տեղակայման հետ, շատերի կարծիքով՝ լուրջ մտահոգության առարկա է, դա համարում են պետական ռազմական գաղտնիքի հրապարակում: Պարոն Գրիգորյան, Դուք այս հարցում վտանգ տեսնո՞ւմ եք: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսպիսի հրապարակում եղավ:
– Ինչու միայն Խրամչիխինը, ինձ մտահոգեց նաև մինչև Խրամչիխինի հրապարակումը և դրանից հետո ռուսական պարբերականներից մեկի հրապարակումը: Ես այս տենդենցը դիտարկում եմ այս կոնտեքստով. Ռուսաստանը մեսիջներ է ուղարկում Ադրբեջանին՝ չմտածեք, որ մենք Հայաստանին ավելի ժամանակակից զենքեր ենք վաճառում, իրենց «Իսկանդեր» չենք վաճառել և այլն: Նրանք մեսիջներ են ուղարկում, քանի որ Ադրբեջանը հիմա Ռուսաստանի համար շատ կարևոր է: Եզրակացությունը մեկն է՝ ամեն մի պետություն շարժվում է իր շահերով, պետք չէ մտածել, որ իրենք մեր ռազմավարական գործընկերն են, չեն անցնի Ադրբեջանին բացահայտ աջակցելուն: Պետք է դա հասկանանք: Ես համարում եմ, որ պաշտոնական Երևանը կարող է հանդես գալ հայտարարությամբ, ինչն այլ հարցով արեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երբ որ ասաց, որ մենք ուրախ չենք, որ Ռուսաստանը զենքեր է վաճառում Ադրբեջանին: Նույնանման հայտարարություն կարող են անել հիմա՝ ասելով, որ մտահոգված ենք, որ ռուսական տարբեր աղբյուրներում՝ ոչ միայն փորձագետների, այլ նաև պաշտոնական հաղորդագրություններում մենք տեսնում ենք մեր ռազմական համագործակցության վերաբերյալ ինֆորմացիան: Ռուսաստանում դրա համար պատիժները շատ խիստ են, եթե դու գաղտնիք ես բացում Ռուսաստանի կամ իր ռազմավարական գործընկերոջ մասին, ուրեմն պետք է դիմենք, որ իրենք սկսեն այդ դեպքերի քննությունը:
– Այսինքն՝ այդտեղ պատահական ոչ մի բան չկար, մտահոգվելու առարկա, այնուամենայնիվ, կա:
– Միանշանակ կա, ով ասաց, որ այդ մասին բոլորը գիտեին: Հնարավոր է՝ ինչ-որ տեղ հրապարակված էր, բայց Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հասարակության լայն շերտերն այդ մասին չգիտեին: Հիմա իմացան: Բացի դրանից, թող ադրբեջանցիները ջանքեր թափեին այդ ինֆորմացիան ստանալու համար, հիմա շատուշատ տեղեկություններ ստացան շատ հեշտ ձևով: Ես համարում եմ, որ այդ քայլերը սխալ էին մեր նկատմամբ, և պետք է դիմենք ռուս պաշտոնական գործընկերներին, որ իրենք քննություն սկսեն՝ այդ դեպքերի հետ կապված: Նույնիսկ եթե այս երեք դեպքերում սուպերգաղտնիքներ չեն բացվել, չորրորդում հնարավոր է, որ սուպերգաղտնիք բացեն: Հետո ի՞նչ ենք անելու, ուրեմն պետք է կանխարգելիչ քայլեր իրականացնել հիմա:
– Արդյո՞ք պահի ընտրությունը ինչ-որ բանով պայմանավորված էր. ինչո՞ւ դա հենց հիմա տեղի ունեցավ:
– Այո՛, հենց հիմա. դա կապված է նրա հետ, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանին պահի իր կողքին. հայտարարություններ է անում, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, որ իրենք պատրաստ են Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ կռվել Հայաստանի դեմ, որ պատրաստ են Ադրբեջանին աջակցել տարբեր մակարդակներով: Մի բանը տարին մեկ անգամ էին ասում, հիմա օրը մեկ անգամ են ասում: Թուրքիայում հիմա ապակայուն վիճակ է, Թուրքիան ծանր վիճակում է, և չեն ուզում Ադրբեջանին կորցնել՝ իմանալով, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ ակտիվ է աշխատում, ուզում է համոզել, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ:
Գրեթե շաբաթը մեկ Ադրբեջան պաշտոնյաներ են մտնում Թուրքիայից. այսպիսի հաճախականությամբ նրանք երեբեք չեն աշխատել: Անընդհատ պրեզիդենտների, վարչապետների, պաշտպանության և արտգործնախարարների մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում: Այդ ֆոնի վրա, պարզ է, Ռուսաստանն էլ չի ուզում կորցնել Ադրբեջանին և ուղարկում է մեսիջներ, որ մենք էլ ենք ձեր մասին մտածում, եթե պետք է մենք Հայաստանի շահերն էլ կմոռանանք: Եվ դա լուրջ պետության պահվածք է, դա նշանակում է, որ Ռուսաստանը իրոք լուրջ երկիր է, բայց հիմա մենք պետք է ցույց տանք, որ մենք լուրջ երկիր ենք: Պետք է մենք էլ մեր հակադարձ քայլերն անենք:









































