Սիրիայում հակամարտության 5 տարում սպանվել է 88 լրագրող։ Նման տվյալներ է հրապարակել ոչ կառավարական Press Emblem Campaign (PEC) կազմակերպությունը, որը միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել կենսունակ միջոցառումներ՝ հակամարտության գոտիներում մամուլի աշխատողների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
PEC-ը Սիրիայում 5 տարում գրանցել է 88 լրագրողի մահ, որից 13-ը՝ անցած տարի՝ հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը Ժնևում անցկացված Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի 31-րդ նստաշրջանում։ Նշվում է, որ հունվարի սկզբից սպանվել է ևս 2 լրագրող, մի քանիսը վիրավորվել են։
Նշվում է, որ Սիրիան 4-րդ տարին անընդմեջ մտնում է ԶԼՄ-ների աշխատողների համար ամենավտանգավոր երկրների թվում։ Լրագրողների համար այլ վտանգավոր երկրներ են համարվում Աֆղանստանը, Իրաքը, Պակիստանն ու Եմենը։ Կազմակերպությունը հայտարարել է հակամարտության գոտիներում մամուլի աշխատակիցների պաշտպանության բարելավմանն ուղղված կոչերը շարունակելու վճռականության մասին։










































